Jump to content

Ջորջ Բեսթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Բեսթ
անգլ.՝ George Best
Ջորջ Բեսթը 1976 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ջորջ Բեսթ
Ազգությունը իռլանդացի
Քաղաքացիությունը Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիա
Մականուն Ջորջի, Հինգերորդ Բիթլ[1]
Ծննդյան ամսաթիվ մայիսի 22, 1946(1946-05-22)[2][3][4][…]
Ծննդավայր Բելֆաստ, Հյուսիսային Իռլանդիա
Մահվան ամսաթիվ նոյեմբերի 25, 2005(2005-11-25)[5][2][3][…] (59 տարեկան)
Մահվան վայր Լոնդոն, Անգլիա
Հասակ 175 սմ
Քաշ 65 կիլոգրամ
Դիրք եզրային կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Հյուսիսային Իռլանդիա Կրեգագ Բոյս
1961-1963 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1963-1974 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 361 (137)
1974 Հարավաֆրիկյան Հանրապետություն Ջուիշ Գիլդ 5 (0)
1975 Իսպանիա Դեպորտիվո Լա Կորունյա 0 (0)
1975  Անգլիա Սթոքպորտ Քաունթի 3 (2)
1975-1976 Իռլանդիա Կորկ Սելթիկ 3 (0)
1976 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես Ացտեկս 24 (15)
1976-1977 Անգլիա Ֆուլհեմ 42 (8)
1977-1978 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես Ացտեկս 37 (14)
1978-1979 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆորտ Լոդերդեյլ Սթրայքերս 33 (7)
1979-1980 Շոտլանդիա Հայբերնիան 17 (3)
1980-1981 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սան Խոսե Էրթքվեյքս 56 (21)
1983 Անգլիա Բորնմութ 5 (0)
1983 Ավստրալիա Բրիսբեն Լայոնս 4 (0)
1984 Հյուսիսային Իռլանդիա Տոբերմոր Յունայթեդ 0 (0)
1963-1984 Ընդամենը կարիերայում 590 (207)
Ազգային հավաքական
1963 Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային

Իռլանդիա (մինչև 18)

2 (1)
1964-1977 Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիա 37 (9)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ջորջ Բեսթ (անգլ.՝ George Best, մայիսի 22, 1946(1946-05-22)[2][3][4][…], Բելֆասթ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն[6] - նոյեմբերի 25, 2005(2005-11-25)[5][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[7][8]), հյուսիսիռլանդացի ֆուտբոլիստ, որը շատերի կողմից ճանաչված է որպես ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը[9][10][11][12]։

Առավել հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդ» անգլիական ակումբի կազմում ունեցած իր ելույթներով, որտեղ արժանացել է «լեգենդի» կոչմանը[13]։ Բեսթը խաղացել է եզրային կիսապաշտպանի դիրքում և ունեցել է բարձր սկզբնական և դիստանցիոն արագություն (հեռավորության վրա), օժտված է եղել շարժումների կոորդինացիայով և դիմացկունությամբ, անկրկնելի դրիբլինգով, որը թույլ էր տալիս նրան շրջանցել միանգամից մի քանի հակառակորդի, ինչպես նաև ունեցել է զարգացած գոլային «հոտառություն» և երկու ոտքերով էլ կայուն հարվածներ է կատարել[14][15][16]։ 1968 թվականին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նվաճել է Եվրոպայի չեմպիոնների գավաթը և ճանաչվել տարվա լավագույն ֆուտբոլիստ[10]։

Բեսթը երկար ժամանակ հանդես է եկել նաև Հյուսիսային Իռլանդիայի հավաքականում, սակայն ազգային թիմի թույլ ելույթները Եվրոպայի առաջնության և աշխարհի առաջնության ընտրական փուլերում թույլ չեն տվել նրան միջազգային հարթակում ամբողջությամբ ցուցադրել իր տաղանդը[17][18]։

1999 թվականին Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի կողմից անցկացված քվեարկության արդյունքում Բեսթը 20-րդ դարի եվրոպացի լավագույն ֆուտբոլիստների շարքում զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը (Մարկո վան Բաստենից հետո), իսկ աշխարհի լավագույն ֆուտբոլիստների շարքում՝ 16-րդ հորիզոնականը (Լոթար Մաթեուսից հետո)[19]։ Նույն թվականին, «World Soccer» ամսագրի քվեարկության արդյունքում 20-րդ դարի լավագույն 100 ֆուտբոլիստների մեջ Բեսթը ճանաչվել է 8-րդը[20]։

Չափից դուրս արտասովոր և ոչ չափավոր ապրելակերպը վերջիվերջո հանգեցրեց հարբեցողության, ինչի պատճառով նա ավարտեց իր ֆուտբոլային կարիերան[21]։ Բեսթի համակրելի և անպատկառ ոճը դարձրել է նրան շատ երկրպագուների կուռքը։ «GQ» ամսագիրը Ջորջ Բեսթին ներառել է վերջին հիսունամյակի 50 ամենաոճային մարդկանց շարքում[22]։

Բեսթը «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանների շարքում համարվում է լավագույն ռմբարկուն։ 470 պաշտոնական խաղերում նա խփել է 179 գոլ[23]։

Ջորջ Բեսթը ծնվել է 1946 թվականի մայիսի 22-ին Քրեգագում՝ Բելֆաստի արևելյան շրջանում[24]։ Մասնագիտությամբ խառատ Դիկի Բեսթի (1920-2008[25]) և ծխախոտի գործարանի աշխատող Էնն Ուիզերսի (1923-1978) առաջին զավակն էր։ Ջորջը այնուհետև ունեցել է 4 քույր (Քերոլ, Բարբարա, Ջուլիա, Գրեյս) և մեկ եղբայր (Իան)[26]։ 2008 թվականի մարտին Դիկի Բեսթը հոսպիտալացվեց Դունդոնալդի Օլտեսկու կլինիկայում (Հյուսիսային Իռլանդիա) և 4 շաբաթ հետո՝ ապրիլի 16-ին, մահացավ[27]։ Ջորջի մայրը՝ Էննը, մահացել է 1978 թվականին 55 տարեկանում հարբեցողության պատճառով առաջացած բարդացումից[28]։

Բեսթը զբաղվում էր ֆուտբոլով իր կյանքի վաղ տարիներից։ «Ջորջը չէր բաժանվում գնդակից»,- հիշում էր Էնն Բեսթը իր որդու մանկությունից[29]։ Պատանի Բեսթը ամբողջ օրը ֆուտբոլ էր խաղում իրենց բակում՝ որպես դարպաս օգտագործելով հոր նկուղը և հաճախ քնում իր գնդակի հետ[30]։

Բեսթի առաջին ակումբը դարձավ «Քրեգագ Բոյս» մանկական ակումբը։ Խաղալով այդ ակումբում՝ նա համակշռեց իր անմշակ ֆիզիկական տվյալները ֆուտբոլային մեծ տաղանդի հետ։ 1957 թվականին 11-ամյա Բեսթը դպրոցում սովորելու դրամաշնորհ ստացավ, և ընդունվեց Գրոսվենոնսկու միջնակարգ դպրոց: Բայց քանի որ դպրոցում հիմնական և միակ սպորտի տեսակը ռեգբին էր, նա սկսեց հաճախակի բացակայել դասերից՝ իր ողջ ազատ ժամանակը նվիրելով ֆուտբոլին։ Շուտով դրա մասին իմացան Բեսթի ծնողները և որոշեցին փոխել որդու դպրոցը։ Բեսթը տեղափոխվեց Լիսնաշարագի միջնակարգ դպրոցը, որտեղ հանդիպեց իր հին դպրոցի նախկին ընկերներին և ի վերջո կարողացավ կենտրոնանալ ֆուտբոլի վրա։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանչեսթեր Յունայթեդ (1963-1974)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի տարի անց տաղանդավոր պատանին հետաքրքրություն առաջացրեց արևելյան Բելֆաստում գտնվող «Գլենտորանա» ակումբի մասնագետների մոտ[31]։ Սակայն պայմանագիրն այդպես էլ չկնքվեց, քանի որ «Գլենտորանայի» ներկայացուցիչներին դուր չեկավ Ջորջի չափից դուրս նիհարությունը և աստենիկ մարմնակազմությունը[32]։ Հենց այդ ժամանակ Բեսթը հայտնվում է «Մանչեսթեր Յունայթեդի»՝ Բելֆաստում գտնվող սկաուտի՝ Բոբ Բիշոպի ուշադրության կենտրոնում[33][34]։ Բիշոպը գնահատեց երիտասարդ ֆուտբոլիստի բացառիկ տաղանդը և «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Մեթ Բասբիին ուղարկեց հետևյալ բովանդակությամբ հեռագիր[35]. «Կարծես թե ես ձեզ համար հանճար եմ գտել»։ Փորձաշրջանից հետո գլխավոր սկաուտ Ջո Արմստրոնգը Բեսթի հետ կնքեց լիարժեք պայմանագիր։

Ժամանելով Մանչեսթեր՝ երիտասարդ Բեսթն արդեն մեկ օրից կարոտեց իր հայրենիքը և մեկ ուրիշ երիտասարդ ֆուտբոլիստի՝ Հյուսիսային Իռլանդիայից եկած Էրիկ Մակմորդիի հետ վերադարձավ Բելֆաստ։ Միայն երկու շաբաթ անց՝ Մեթ Բեսբիի և Դիկի Բեսթի հետ հեռախոսային զրույցից հետո, Բեսթը վերադարձավ Մանչեսթեր[29][36]։

Բեսթի նորամուտը «Մանչեսթեր Յունայթեդում» կայացավ 1963 թվականի սեպտեմբերի 14-ին «Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» դեմ խաղում. այդ ժամանակ նա ընդամենը 17 տարեկան էր։ Խաղի ժամանակ նա ուղղակի ուժասպառ արեց իր հակառակորդին՝ «Վեստ Բրոմվիչի» փորձառու խաղացող ուելսցի Գրեմ Ուիլյամսին։ Խաղն ավատվեց 1:0 հաշվով՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակով[37]։ Խաղի ավարտից հետո Գրեմ Ուիլյամսը սեղմեց Բեսթի ձեռքը՝ արտաբերելով հետևյալ խոսքերը[29]. «Սպասի՛ր, որդի՛ս, որպեսզի ես կարողանամ տեսնել քո դեմքը, թե չէ այսօր ամբողջ օրը տեսնում էի, թե ինչպես է թիկունքդ եզրագծի երկայնքով այս ու այն կողմ վազում»։

Բեսթն առաջվա նման շատ էր կարոտում իր հայրենիքը և այդ պատճառով Ծննդյան տոներին նորից վերադարձավ Բելֆաստ, որպեսզի անցկացնի տոնը ընտանիքի հետ միասին։ Բեսթի բացակայության ընթացքում՝ դեկտեմբերի 26-ին, «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց նվաստացուցիչ պարտություն. թիմը արտագնա խաղում 1:6 հաշվով պարտվեց «Բըռնլի» ֆուտբոլային ակումբին[38]։ Ընդամենը 2 օրից «Օլդ Թրաֆորդում» կայացավ պատասխան խաղը։ Բեսթը մասնակցեց խաղին և օգնեց իր թիմին ջախջախել հակառակորդին 5:1 հաշվով[37]։ Այդ խաղում նա խփեց իր առաջին գոլը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Հետաքրքրականն այն է, որ Բեսթը համաձայնել էր խաղալ այս խաղում միայն այն պայմանով, որ անմիջապես խաղից հետո նրան ինքնաթիռով պետք է ետ տանեն Բելֆաստ։ Այստեղ նա առաջին անգամ ցուցաբերեց իր համառ և հանդուգն բնավորությունը, ինչի պատճառով հետագայում բազմաթիվ խնդիրներ ունեցավ։ 1963-64 մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդն» առաջին դիվիզիոնում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը՝ զիջելով «Լիվերպուլին», իսկ Բեսթը 26 խաղերում դարձավ 6 գոլի հեղինակ։

Մյուս մրցաշրջանում Բեսթը սկսեց կանոնավոր կերպով դուրս գալ խաղադաշտ հիմնական կազմում։ Այս անգամ նա հեղինակեց 10 գնդակ, ինչը կարևոր նախապայման դարձավ առաջնությունում Մանչեսթեր Յուայթեդի չեմպիոնության համար (1957 թվականից հետո առաջին անգամ)[39][40]։

Նոր «Բասբիի փոքրիկ» Ջորջ Բեսթը շուտով դարձավ թիմի առաջնորդներից մեկը, որը դեռ վերապրում էր Մյունխենի աղետի ծանր հետևանքները։ Բոբի Չարլտոնի և Դենիս Լոուի հետ նա կազմեց հզոր հարձակողական եռյակ, որը շատերի կողմից համարվում է լավագույններից մեկը ֆուտբոլի պատմության մեջ[41]։ 4 տարվա ընթացքում Բեսթը երկու անգամ հաղթեց Անգլիայի առաջնությունում[38] և մեկ անգամ Եվրոպայի չեմպիոնների գավաթում։

Եվրոպական հարթակում Բեսթը իր բարձր վարպետությունը առաջին անգամ ցուցադրեց 1965-66 մրցաշրջանում[38]։ 1965 թվականի հոկտեմբերի 6-ին նա ֆիննական «Հելսինկի» թիմի դեմ խաղում խփեց «Յունայթեդի» 6 գոլերից 2-ը։ 1966 թվականի մարտի 9-ին Բեսթը, ով դեռ չէր բոլորել իր 20 տարին, անցկացրեց, հնարավոր է, իր կարիերայի լավագույն խաղը։ Այդ օրը «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպայի չեմպիոնների գավաթի մեկ քառորդ եզրափակչի արտագնա խաղում հաղթեց պորտուգալական «Բենֆիկային»[1]։ Չնայած Մեթ Բասբիի հրահանգին (նա պետք է խաղար պաշտպանությունում)՝ Բեսթը արդեն 12-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը[1]։ Նշանակվել էր տուգանային, փոխանցում կատարվեց դեպի Բեսթը, ով գլխով գնդակն ուղարկեց դարպասը[42]։ Շուտով Բեսթը դարձավ դուբլի հեղինակ[43]։ Նա միայնակ շրջանցեց երեք ֆուտբոլիստի և ճշգրիտ հարվածով գրավեց հակառակորդի դարպասը[43]։ Խաղն ավարտվեց «Բենֆիկայի»՝ 5:1 հաշվով ջախջախմամբ[44]։ «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ կիսաեզրափակիչ, սակայն այնտեղ պարտվեց Բելգրադի «Պարտիզան» ֆուտբոլային ակումբին և լքեց պայքարը[45]։

Բեսթը դարձավ այն պահանջված և հաջողակ ֆուտբոլիստներից մեկը, ով իր երկրպագուներից շաբաթական ստանում էր ավելի քան 1000 նամակ։ Միայն գովազդների և հարցազրույցների շնորհիվ նա վաստակեց մի քանի անգամ ավել գումար, քան ֆուտբոլում։ 1966 թվականին Եվրոպայի չեմպիոնների գավաթի քառորդ եզրափակչից՝ «Բենֆիկայի» դեմ խաղից հետո պորտուգալական մամուլը Բեսթին տվեց «O Quinto Beatle» մականունը («Հինգերորդ բիթլ[1]»), որն ավելի շատ վերաբերում էր նրա արտաքինին (երկար մազեր, գեղեցիկ դիմագծեր) և ապրելակերպին։

1967 թվականին «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին երեք տարիներում երկրորդ անգամ հաղթեց Անգլիայի առաջնությունում[46]։ 1967-68 մրցաշրջանը Բեսթի համար իսկապես դարձավ հաղթական։ «Յունայթեդը», ինչպես երկու տարի առաջ, այնպես էլ այս տարի շատ հաջող խաղ էր ցուցադրում Չեմպիոնների լիգայի խաղարկությունում[47]։ 1968 թվականի ապրիլի 24-ին Բեսթը խփեց «Ռեալ Մադրիդ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղի միակ և հաղթական գոլը[48]։ Պատասխան խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 3:3 հաշվով։ Այս հաղթանակը թույլ տվեց «Յունայթեդին» իր պատմության մեջ առաջին անգամ դուրս գալ եզրափակիչ, որտեղ ճակատագրի բերումով նորից հանդիպեց «Բենֆիկայի» հետ։ Եզրափակիչը կայացավ 1968 թվականի մայիսի 29-ին «Ուեմբլի» մարզադաշտում։ Հանդիպման հաշիվը բացվեց խաղի 53-րդ րոպեին[49]։ Գոլը խփեց Բոբի Չարլտոնը։ Հետո խաղի հաշիվը հավասարվեց. հանդիպման 75-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ պորտուգալացի ֆուտբոլիստ Ժայմա Գրասան։ 1-1 հաշիվը պահպանվեց մինչև հիմնական ժամանակի ավարտը, և խաղը շարունակվեց արդեն ավելացված ժամանակում։ «Յունայթեդի» ֆուտբոլիստներից պահանջվեց ընդամենը 10 րոպե խաղի ելքը որոշելու համար։ Նախ թիմին առաջ մղեց Բեսթը՝ գոլ խփելով 93-րդ րոպեին, հետո «Բենֆիկայի» դարպասը գրավեց Բրայան Քիդը, իսկ 99-րդ րոպեին նորից աչքի ընկավ Բոբի Չարլտոնը։ Պորտուգալիայի չեմպիոնները պարտվեցին 4:1 հաշվով[50]։ «Մանչեսթեր Յունայթեդը» դարձավ առաջին անգլիական ակումբը, որը հաղթեց Եվրոպայի չեմպիոնների գավաթը, իսկ Բեսթը այդ տարի ստացավ «Ոսկե գնդակը»՝ ճանաչվելով տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Նա ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ նաև ըստ Անգլիայի ֆուտբոլային լրագրողների[51]։ Ինչպես նաև նա այդ տարի դարձավ 32 գոլի հեղինակ, ինչը ռեկորդ էր կիսապաշտպանների շարքում (այդ ռեկորդը պահպանվեց շուրջ 40 տարի. այն հաղթահարվեց «Մանչեսթեր Յունայթեդի» մեկ այլ կիսապաշտպանի՝ Կրիշտիանու Ռոնալդուի կողմից)։ Շատերի կարծիքով՝ 1968 թվականը Բեսթի կարիերայի գագաթնակետն էր։

1960 թվականի վերջում Բեսթը Մանչեսթերում բացեց երկու նոր գիշերային ակումբներ՝ «Oscar’s» և «Slack Alice’s»[52]: «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Մայք Սամերբիի հետ համատեղ նա ուներ մի քանի բուտիկ[53]։ Բեսթի հայտնիությունը և շքեղ կյանքը տարան նրան կործանարար հակումների՝ մոլեխաղերի և ալկոհոլի չարաշահմանը։

Մեթ Բասբիի պաշտոնաթողությունից հետո Բեսթն սկսեց ավելի հաճախ կորցնել ինքնավերահսկողությունը[54]։ Կարգապահության բազմաթիվ խախտումները հանգեցրեցին ընդհարումների «Յունայթեդի» նոր ղեկավարության հետ։ Բացի դրանից Բեսթի խաղում նկատեցին անկում, նա սկսեց անգամ պարտվել իրենից ակնհայտ թույլ հակառակորդների։ Բեսթը շատ ծանր էր տանում այդ պարտությունները։ Նա հաճախ էր չափից շատ խմիչք օգատագործում, ինչի պատճառով քիչ էր մարզվում և խաղերին գրեթե չէր մասնակցում[55]։ Սակայն նա առաջվա նման շարունակում էր մնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, ինչը նա ևս մեկ անգամ ապացուցեց 1970 թվականի փետրվարի 7-ին[56]՝ դուրս գալով խաղադաշտ որակազրկման ավարտից հետո (նա որակազրկվել էր Անգլիայի գավաթի մրցության արտագնա խաղերից մեկում՝ «Նորտգեմպտոն Տաունի» դեմ խաղում)[57]։ Այդ խաղում «Յունայթեդը» ջախջախեց հակառակորդին 8:2 հաշվով։ Բեսթը դարձավ 6 անհավանական գոլերի հեղինակ և կրկնեց «Յունայթեդի» մեկ այլ ֆուտբոլիստի՝ Գարոլդ Հալսի՝ 50 տարվա վաղեմություն ունեցող նվաճումը[58]։ «Նորտգեմպտոն Տաունի» փորձառու պաշտպանները այդպես էլ չկարողացան ինչ-որ կերպ դիմադրել Բեսթի հիանալի տեխնիկային և արագությանը[55]։

1974 թվականին՝ 27 տարեկան հասակում, Բեսթը լքեց «Մանչեսթեր Յունայթեդը»[59]։ Ակումբի կազմում նրա վերջին խաղը դարձավ 1974 թվականի հունվարի 1-ի «Լոֆտուս Ռոուդում» կայացած «Քուինս Պարկ Ռեյնջերսի» դեմ խաղը[60]։ Այդ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց 0:3 հաշվով[61][62]։

1963-1974 թվականներին Ջորջ Բեսթը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 470 պաշտոնական խաղերում դարձավ 179 գոլի հեղինակ[63]։ Նա ճանաչվել էր թիմի լավագույն ռմբարկուն 5 մրցաշրջան անընդմեջ (1968-1972 թվականներին)` 262 խաղերում խփելով 124 գնդակ[64]։ 1967-68 մրցաշրջանում Բեսթը իր 28 գոլով դարձել էր Առաջին դիվիզիոնի լավագույն ռմբարկուն («Սաութհեմփթոնի» ֆուտբոլիստ Ռոն Դեյվսի հետ միասին)[65]։

Հաջորդ տասը տարվա ընթացքում Բեսթը բազմիցս փոխեց իր ակումբային պատկանելությունը՝ խաղալով Անգլիայի, Իռլանդիայի, ԱՄՆ-ի, Շոտլանդիայի և Ավստրալիայի տարբեր ակումբներում[65]։

Ֆուլհեմ (1976-1977)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1976 թվականին Ջորջ Բեսթը տեղափոխվեց Լոնդոնի «Ֆուլհեմ»։ Այդ թիմում նա շարունակեց հանդես գալ բարձր մակարդակով, սակայն եթե համեմատենք անցած տարիների հետ, նա այլևս չուներ իր նախկին արագությունը[66]։ «Ֆուլհեմում» նա առավել հայտնի է դարձել Անգլիայի գավաթի խաղերից մեկում տեղի ունեցած մեկ դրվագում։ Դա «Հերեֆորդ Յունայթեդի» դեմ խաղն էր, որում Բեսթը ցուցադրեց հիանալի խաղ։ Ավելի ուշ Բեսթն ասաց, թե այն ժամանակահատվածը, որում նա խաղացել է «Ֆուլհեմի» կազմում, իր կարիերայի ամենահաճելի ժամանակահատվածն էր՝ չնայած նրան, որ նա այդ թիմի կազմում չէր արաժանացել ոչ մի մրցանակի և չէր հաղթել ոչ մի մրցությունում[67]։

Ամերիկայում Բեսթը հանդես եկավ 3 ակումբների կազմում՝ «Լոս Անջելես Ացտեկս», «Ֆորտ Լոդերդեյլ Սթրայքերս» և «Սան Խոսե Էրթքվեյքս», ինչպես նաև «Դետրոիտ Էքսպրես» ակումբի կազմում Ավստրիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղացել է երկու ընկերական խաղ[68]։ Ֆուտբոլից դուրս նա շարունակում էր վարել «կեղտոտ» կյանք՝ հաճախելով գիշերային ակումբներ և մասնակցելով խնջույքների[69]։ Այդ ամենը մեծ ազդեցություն չունեցավ իր ցուցադրած խաղի վրա։ Նա հանդես էր գալիս շատ հաջող։ «Լոս Անջելես Ացտեկսի» կազմում առաջին մրցաշրջանում նա 24 խաղում դարձավ 15 գոլի հեղինակ։ Մյուս մրցաշրջանում նա ճանաչվեց ՍԱՖԼ-ի լավագույն կիսապաշտպան[70]։ Նա Կալիֆոռնիայում բացեց ևս մեկ գիշերային ակումբ՝ «Bestie’s Beach Club» (այժմ այն կրում է «Underground» անունը), որը նա ղեկավարեց մինչև 1990-ական թվականները[69]։

«Լոս Անջելես Ացտեկսի» կազմում իր երրորդ մրցաշրջանում Բեսթը մասնակցեց 12 խաղի (որոնցում խփեց 1 գոլ), ինչից հետո լքեց ակումբը։ «Ֆորտ Լոդերդեյլ Սթրայքերս» և «Սան Խոսե Էրթքվեյքս» ակումբներում Բեսթի ելույթներն ընդհանուր առմամբ անհաջող ստացվեցին։ Ինչպես նաև էականորեն սրվեցին խնդիրները կապված ալկոհոլի և ոչ պաշտոնական պահվածքի հետ։ Իր վերջին խաղը «Սան Խոսե Էրթքվեյքսի» կազմում նա խաղաց 1981 թվականի օգոստոսի 19-ին (թիմը կրեց պարտություն՝ 1:3 հաշվով)[69][71]։

1982 թվականին հատուկ հրավերով Բեսթը հոնկոնգյան առաջին դիվիզիոնի երկու տարբեր ակումբներում խաղաց երեք խաղ[72]։

Կարիերայի ավարտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականի ավարտին «Բորնմութի» (ակումբ Անգլիայի Պրեմիեր Լիգայի երրորդ դիվիզիոնից) գլխավոր մարզիչ Դոն Մեգսոնը կնքեց պայմանագիր 36-ամյա Բեսթի հետ։ Բեսթը մնաց ակումբում մինչև մրցաշրջանի ավարտը, սակայն խաղաց թիմի կազմում ընդամենը 5 խաղ[73]։ Նույնքան կարճ էլ տևեց այն ժամանակահատվածը, որը նա խաղաց ավստրալիական «Բրիսբեն Լայոնսի» կազմում։ Այդ ակումբը հետագայում հայտնի դարձավ «Կուինսլեն Ռոր» անունով։ Բեսթը իր կարիերայի վերջին խաղը անցկացրեց 1984 թվականին հյուսիսիռլանդական «Տոբերմոր Յունայթեդ» ակումբի կազմում՝ խաղալով մեկ այլ հյուսիսիռլանդական ակումբի՝ «Բալիմինա Յունայթեդի» դեմ[74]։ Խաղն ավարտվեց «Տոբերմոր Յունայթեդի» ջախջախիչ 0:7 պարտությամբ։

1988 թվականի օգոստոսի 8-ին «Ուինձոր պարկում» կայացավ Բեսթի հրաժեշտի խաղը։ Մարզադաշտից խաղին հետևում էին սըր Մեթ Բեսբին և Բոբ Բիշոպը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» այն սկաուտը, ով նկատել էլ հյուսիսիռլանդացու տաղանդը[72]։ Խաղին մասնակցում էին նաև Պատ Ջենինգսը, Օսսի Արդիլեսը և Լիամ Բրեդին։ Խաղում Բեսթը դարձավ երկու գոլի հեղինակ։ Առաջինը տուգանային հրապարակից դուրս գեղեցիկ հարվածով, իսկ երկրորդը 11 մետրանոց հարվածից։

Կարիերան ազգային հավաքականի կազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեսթը սկսել է հանդես գալ Հյուսիսային Իռլանդիայի մինչև 18 տարեկանների ֆուտբոլի երիտասարդական հավաքականում 1963 թվականին՝ 16 տարեկան հասակում։ Անգլիայի երիտասարդական հավաքականի դեմ խաղին մասնակցել է իր ծննդյան տարեդարձից ընդամենը մի քանի օր հետո։ Այդ ժամանակ նա արդեն 17 տարեկան էր։ Առաջին անգամ տեսնելով Բեսթին՝ «բիթլային» սանրվածքով վտիտ տղային, հյուսիսիռլանդացիների գլխավոր մարզիչը՝ Նորման Կերիգանը, ասաց[29]. «Նա նման է այն բանին, ինչով ես կմաքրեի իմ ծխամորճը»։

Բեսթը հավաքականի կազմում 1976 թվականի հոկտեմբերի 13-ին

1964 թվականի ապրիլի 15-ին Բեսթը խաղաց Մեծ Բրիտանիայի տնային առաջնության մրցաշարում՝ ընդդեմ Ուելսի ազգային հավաքականի, և այդ խաղը նշանավոր էր նրանով, որ այն Բեսթի առաջին խաղն էր արդեն Հյուսիսային Իռլանդիայի ազգային հավաքականի հիմնական կազմում։ Այդ նույն խաղը նաև դեբյուտային էր ապագայում հայտնի դարձած հյուսիսիռլանդացի դարպասապահ Պատ Ջենինգսի համար։ Խաղն ավարտվեց հյուսիսիռլանդացիների հաղթանակով՝ 3:2 հաշվով։ Որոշ ժամանակ անց Պատ Ջենինգսը, հիշելով Բեսթին, ասաց[29]. «Նա եղել է լավագույն ֆուտբոլիստներից մեկը, որի հետ կամ դեմ ինձ բախտ է վիճակվել խաղալ։ Ես շատ մեծ կարևորություն եմ տալիս այն հիշողություններին, որոնք կապված են նրա հետ, սակայն ժամանակ առ ժամանակ նա ինձ շատ վատ դրության մեջ էր գցում»[75]։

13 տարվա ընթացքում Բեսթը Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի կազմում դուրս է եկել խաղադաշտ ընդամենը 37 անգամ և դարձել է 9 գոլի հեղինակ։ Այդ գոլերից 4-ը նա խփել է Կիպրոսի հավաքականի, իսկ մնացածը՝ Ալբանիայի, Անգլիայի, Շոտլանդիայի, Շվեյցարիայի և Թուրքիայի ազգային հավաքականների դարպասը։

1967 թվականի հոկտեմբերի 21-ին գործնականորեն «միայնակ» հաղթեց Շոտլանդիայի հավաքականի դեմ տնային խաղը։ Այդ խաղը Եվրոպայի առաջնության որակավորման փուլի խաղերից էր։ Հյուսիսիռլանդացիները հաղթեցին այդ խաղում 1:0 հաշվով (հաղթական գոլի հեղինակը Դևիդ Կլեմենթսն էր)։ Մարզական մեկնաբան Մալքոլիմ Բրոդին այս խաղը մեկնաբանեց հետևյալ կերպ. «Անկասկած «Ուինձոր պարկը» դեռ չէր տեսել ոչ մի ֆուտբոլիստի այսպիսի հիանալի անհատական խաղ»։ Շատերն այս խաղը համարում են հավաքականի կազմում Բեսթի լավագույն խաղը (անգլիական տարբերակով խաղի բացատրությունը կհնչեր հետևյալ բառախաղով. անգլ.՝ 'The George Best International')[29]:

1971 թվականի մայիսի 15-ին Բեսթը մասնակցեց Մեծ Բրիտանիայի տնային առաջնության տնային խաղերից մեկին՝ Անգլիայի հավաքականի դեմ խաղին, որի ժամանակ խփեց, հնարավոր է, իր կարիերայի ամենահայտնի գոլերից մեկը[76]։ Անգլիացի դարպասապահ Գորդոն Բենքսը նետեց գնդակը վերև, որպեսզի հարվածի և մտցնի գնդակը խաղի մեջ, սակայն Բեսթը ավելի արագ գտնվեց[76]։ Հասնելով և հարվածելով գնդակին առաջինը՝ նա շրջանցեց դարպասապահին։ Գնդակը Բենքսի գլխի վրայով անցավ և շարժվեց դեպի դատարկ դարպասը։ Երկու խաղացողներ վազեցին դեպի գնդակը, սակայն այս դեպքում նույնպես Բեսթը ավելի արագ գտնվեց և հասնելով գնդակին առաջինը՝ գնդակը գլխով ուղարկեց դարպասը[76]։ Ի վերջո դարպասի գրավում չգրանցվեց, քանի որ դատավորը հարձակվողի կողմից խախտում էր գրանցել՝ չնայած նրան, որ նա այդ դրվագը չէր տեսել և այդ պահին կանգնած էր մեջքով դեպի անգլիացիների դարպասը։

Հյուսիսային Իռլանդիայի հավաքականը հաջող հաղթահարեց 1982 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի շեմը, և թիմի գլխավոր մարզիչ Բիլի Բինգհեմը այդ ժամանակ հնարավոր էր համարում մրցաշարում Բեսթին հիմնական կազմում ընդգրկելը։ Սակայն տարիքը (այդ ժամանակ Բեսթը արդեն 36 տարեկան էր) և ալկոհոլի հետ կապված խնդիրները դարձան այն հիմնական գործոնները, որոնց պատճառով Բեսթի չընդգրկվեց հավաքականի կազմում։ Հետևելով հավաքականի ոչ այնքան հաջող ելույթներին՝ Բեսթը մտածում էր համաիռլանդական ֆուտբոլի հավաքական ստեղծելու մասին, որը կմիավորեր Իռլանդիան Հյուսիսային Իռլանդիայի հետ[77]։

Բեսթի խաղերը հավաքականի կազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունքում. 37 խաղ / 9 գոլ; 13 հաղթանակ, 8 ոչ ոքի, 16 պարտություն։

Ֆուտբոլից դուրս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ական թվականների վերջերին Բեսթը հնչյունավորեց «Ստրիկեր» վավերագրական ֆիլմը (այն պատմում էր նույնանուն երևույթի մասին), որում խոսվում էր այնպիսի անձնավորությունների մասին, ինչպիսիք են Էրիկ Ռոուն և Շեյլա Նիկոլսը[78]։

1998-2004 թվականներին Բեսթը՝ որպես հրավիրված փորձագետ, մասնակցել է «Sky Sports» հեռուստաալիքի «Soccer Saturday» նախագծին[79]։

2004 թվականի նոյեմբերին 58-ամյա Բեսթը համաձայնեց դառնալ «Պորտսմութի» երիտասարդական ակումբի գլխավոր մարզիչը, ինչն արտացոլում էր Բեսթի՝ «մեծ ֆուտբոլ» վերադառնալու ձգտումը[80][81]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեսթը երկու անգամ ամուսնացած է եղել։ Բեսթի առաջին կինը եղել է Էնջելա Մաքդոնալդ-Ջեյմսը (1978-1986)։ Իսկ 1995-2004 թվականներին Բեսթի կինն է եղել նախկին ուղեկցորդուհի Ալեքս Պերսին, ով հետագայում դարձել է Անգլիայի ամենահայտնի մոդելներից մեկը[82]։ Զույգը պաշտոնապես բաժանվեց 2004 թվականին, չնայած նրանք վերջ էին տվել իրենց հարաբերություններին դեռ 2003 թվականի սեպտեմբերին, երբ տարածվել էին լուրեր Բեսթի ամուսնական անհավատարմության և ալկոհոլի չարաշահման մասին[83]։ Առաջին ամուսնությունից Բեսթն ունեցել է մեկ որդի՝ Կալումը (ծնվել է 1981 թվականին)[84][85]։ Երկրորդ ամուսնությունից նա երեխա չէր ունեցել։ Տարածվել էին լուրեր, որ Բեսթը երկու տարբեր կանանցից ունի երկու դուստր[86]։

1984 թվականին Բեսթը մեղավոր ճանաչվեց ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար, ինչի պատճառով երեք ամսով ազատազրկվեց և բանտարկվեց Լոնդոնի «Պենտոնվիլ» բանտում։ 1984 թվականի Ծննդյան տոները նա անցկացրեց ճաղերի ետևում[87][88]։ Մինչև բանտարկման ժամկետի լրանալը Բեսթը մի քանի խաղ անցկացրեց բանտի ֆուտբոլային ակումբներից մեկի՝ «Ֆորդի» կազմում (Արևմտյան Սուսեկս)[83][89]։

2004 թվականի փետրվարի 2-ին Բեսթը կրկին մեղադրվեց ոչ սթափ վիճակում մեքենա վարելու մեջ։ Նա տուգանվեց և 20 ամսով զրկվեց վարորդական իրավունքից[90][91]։

1990 թվականի սեպտեմբերին Բեսթը նորից հայտնվեց BBC հեռուստաալիքի «Ուոգան» վարկանիշային հաղորդման մեջ։ Հաղորդման ժամանակ Բեսթը ալկոհոլի ազդեցության տակ էր և քննարկման ժամանակ նա հաղորդման հյուրերից մեկին ասաց. «Թերրի, ես սիրում եմ սեքսով զբաղվել»[92]։ Հետագայում Բեսթը ներողություն խնդրեց իր արարքի համար և ասաց, որ ալկոհոլիզմի հետ կապված այդ դեպքը իր կյանքի ամենատհաճ պահերից մեկն է[83][93]։

Բեսթի խրոնիկական հարբեցողությունը հանգեցրեց ներքին օրգանների զգալի վնասման. ամենից շատ վնասվել էր լյարդը։ 2002 թվականի հուլիսի 30-ին Լոնդոնի Արքայական Օլիվեր Կրոմվելի անվան հոսպիտալում Բեսթի մոտ հաջող անցավ լյարդի տրանսպլանտացիան[94]։ Սակայն վիրահատությունից հետո էլ նա շարունակում էր օգտագործել ալկոհոլային խմիչքներ՝ հաճախ այցելելով Պիտերսֆիլդի (Հեմպշիր) պանդոկներից մեկը, ինչը տեղիք տվեց հասարակական շատ քննադատությունների[83]։ 2004 թվականին նրա նախկին կինը՝ Ալեքս Բեսթը, ելույթ ունեցավ «Ես հայտնություն եմ… Փրկե՜ք ինձ» հաղորդման ընթացքում և պատմեց Բեսթի կողմից իր նկատմամբ կատարված տնային բռնության մասին[83][95]։

Հիվանդություն և մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի հոկտեմբերի 3-ին Բեսթը հոսպիտալացվեց «սուր երիկամային վարակ» ախտորոշմամբ։ Նա տեղափոխվեց Լոնդոնի Կրոմվելի անվան հոսպիտալ, որտեղ նրան անհապաղ օգնություն ցուցաբերվեց։ Երիկամային վարակն առաջացավ իմունաճնշիչ պատրաստուկների կողմնակի ազդեցությամբ, որոնք նշանակված էին Բեսթին՝ լյարդի փոխպատվաստումից հետո վերջինիս քայքայումը կանխելու համար։ 2005 թվականի հոկտեմբերի 27-ին թերթերում գրվեց, որ Բեսթի վիճակը շատ ծանր է, և նա արդեն հրաժեշտ է տվել իր ընկերներին և մտերիմներին։ Հետագայում նրա վիճակը կայունացավ, սակայն նոյեմբերին նորից Բեսթի վիճակը ծանր դարձավ[96]։ Նոյեմբերի 20-ին դուրս եկավ «News of the World» ամսագրի հերթական համարը, որում պատկերված էր հիվանդանոցի մահճակալին պառկած Բեսթը, և գրված էին Բեսթի վերջին խոսքերը. «Մի՛ մահացեք այնպես, ինչպես ես»[20][97]։ Այդ լուսանկարը հրապարակվել էր հենց Բեսթի խնդրանքով։ Նրա վերջին խոսքերը զգուշացում էր նրանց համար, ովքեր ալկոհոլը համարում էին զվարճանքի անվնաս միջոց[83]։

2005 թվականի նոյեմբերի 25-ին՝ վաղ առավոտյան, Բեսթի ինտենսիվ բուժումը դադարեցվեց։ 13 անց 6 րոպեին 59 տարեկան հասակում մահացավ Ջորջ Բեսթը՝ թոքերի վարակումից և բազմաթիվ ներքին օրգանների խանգարումներից[10][98]։

Պրեմիեր Լիգայի կառավարությունը հայտարարեց լռության րոպեի մասին, որը պետք է պահվեր չեմպիոնատի առաջիկա տուրի խաղերի սկզբում։ Որոշ մարզադաշտերում այդ հայտարարությունը չեղարկվեց, և լռության րոպեի փոխարեն Բեսթի պատվին կազմակերպվեցին ծափահարության րոպեներ։ Բեսթի մահից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին խաղ եղավ «Օլդ Թրաֆորդում»՝ Անգլիայի գավաթի շրջանակներում «Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» դեմ խաղը[99]։ Այդ թիմի դեմ 1963 թվականին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում կայացել էր Բեսթի նորամուտը։ Այդ Խաղից առաջ «Յունայթեդից» նրա նախկին թիմակիցները, «Վեստ Բրոմվիչի» 1963 թվականի կազմից ողջ մնացած ֆուտբոլիստները, նաև Կալումը՝ Բեսթի որդին, տուրք մատուցեցին Ջորջի հիշատակին[100]։ Սըր Բոբի Չարլտոնը ելույթ ունեցավ կարճ խոսքով, որին հաջորդեց լռության րոպեն։ Լռության րոպեի ընթացքում երկրպագուները ամբողջ մարզադաշտով մեկ բարձրացրին Բեսթի հազարավոր նկարները[101][102]։

Հուղարկավորություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեսթի գերեզմանաքարը Ռոուզլոնսկու գերեզմանատանը

2005 թվականի դեկտեմբերի 3-ին՝ ժամը 10-ին, Բեսթի դիով դիակառքը դուրս եկավ Բեսթերի ընտանեկան տնից։ Նրանց տունը գտնվում էր Արևելյան Բելֆաստում՝ Քրեգագ-Ռոուդ փողոցում։ Սգո երթը ձգվում էր մինչև Հյուսիսային Իռլանդիայի Պառլամենտի շենքը։ Չնայած անձրևին՝ ճանապարհից դուրս հավաքվել էին շուրջ 100 հազար մարդիկ, որոնք եկել էին իրենց կուռքին հրաժեշտ տալու։ Ժամը 11-ին պառլամենտի գլխավոր սրահում տեղի ունեցավ Բեսթի հոգեհանգստի արարողությունը, որին հետևում էին շուրջ 25 հազար մարդ՝ հենց սրահից և դրսից, իսկ շուրջ 1 միլիոն հեռուստադիտողներ ուղիղ եթերով հետևում էին արարողությանը BBC One, UTV, RTÉ, ITV News, BBC News 24, Sky News, Sky Sports News, Euronews և MUTV հեռուստաալիքներով։ Սգո արարողության ավարտից հետո Բեսթը թաղվեց իր մոր՝ Էննի Ուիզերսի կողքին՝ Ռոուզլոնսկու գերեզմանատան բլրի գագաթին (Արևելյան Բելֆաստ)[83][103]։

Flybe De Havilland Canada Dash 8 ինքնաթիռը

Բելֆաստ Սիթի օդանավակայանը Ջորջի պատվին վերանվանվել է Ջորջ Բեսթի անվան Բելֆաստ-Սիթի օդանավակայան[104]։ Նոր տարբերանշանի և անվան շնորհման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել օդանավակայանում, 2006 թվականի մայիսի 22-ին (այդ օրը Բեսթը կդառնար 60 տարեկան)։ Հանդիսությանը մասնակցում էին նաև Բեսթի ընտանիքի անդամները և ընկերները։

Բեսթի հիշատակին այս օդանավակայանը կոչվեց Ջորջ Բեսթի անվան Բելֆաստ-Սիթի օդանավակայան:

Հյուսիսային Իռլանդիայում օդանավակայանի վերանվանման հարցի վերաբերյալ հանրության կարծիքը բաժանվել էր երկու խմբի. հարցումների համաձայն՝ այդ որոշմանը հյուսիսիռլանդացիների 52%-ը «կողմ էր», իսկ 48%-ը՝ «դեմ»[105]։ Խորհրդարանի և «Դեմոկրատական յունիոնիստական կուսակցության» Արևելյան Բելֆաստից անդամ Պիտեր Ռոբինսոնը, որի ընտրատեղամասային շրջանում գտնվում էր օդանավակայանը, հայտարարեց, որ կնախընտրեր Բեսթի անունով անվանել սպորտային մարզադաշտը[106]։ Վերանվանման շուրջ բարձրացված աղմուկը առաջացրեց մի շարք բացասական մեկնաբանություններ Հյուսիսային Իռլանդիայի սահմաններից դուրս[107]։

2006 թվականի մարտին «Flybe» ավիաընկերությունն իր ինքնաթիռներից մեկն անվանեց «The George Best»: Հետագայում ինքնաթիռը օգտագործվեց Բեսթի ընտանիքի անդամներին Մանչեսթեր տեղափոխելու համար։ Այնտեղ նրանք պետք է մասնակցեին հիշատակի արարողությանը[108]։

2006 թվականի հունիսին Սարա Ֆաբրեժեն՝ Ռուսական Կայսրության ոսկերիչ Կառլ Ֆաբերժեի ծոռը, ստացավ պատվեր Ջորջ Բեսթի անունով ոսկերչական ձու պատրաստելու համար։ Թողարկվեցին սահմանափակ թվաքանակով 68 ձու, որոնց վաճառքից ստացված ամբողջ հասույթը տրամադրվեց Ջորջ Բեսթի անվան հիմնադրամին։ Թողարկման առաջին օրինակը դրվեց համընդհանուր դիտման Ջորջ Բեսթի անվան օդանավակայանում։

Բեսթի մահվան առաջին տարելիցին Օլտերսկու բանկը տպեց 1 միլիոն տպաքանակով թղթադրամներ, որոնց արժեքը 5 ֆունտ էր, և որոնց վրա պատկերված էր Ջորջ Բեսթի նկարը[109]։ Թղթադրամների տպաքանակն ամբողջությամբ վաճառվեց 5 օրում[110]։ Առցանց-աճուրդ «Իբէյում» մեկ թղթադրամի համար գինը սահմանված էր մինչև 30 ֆունտ[111]։

2006 թվականի դեկտեմբերին Ջորջ Բեսթի Հիշատակի տրեստը հիմնեց կազմակերպություն, որը Բեսթի՝ իրական «չափսերով» բրոնզե արձանը կառուցելու համար նախաձեռնել էր հավաքել շուրջ 200 հազար ֆունտ ստերլինգ։ 2008 թվականի սկզբին նախատեսված ողջ գումարը դեռ չէր հավաքվել, սակայն հունվարի 29-ին տեղացի կառուցապատող Դուգ Էլիոթը հայտարարեց, որ նա ամբողջ գումարի պակասը կլրացնի իր միջոցներով և կզբաղվի հուշարձանի կառուցմամբ[112]։

2008 թվականի մայիսի 29-ին ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգայի շրջանակներում՝ «Ուեմբլի» մարզադաշտում «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակից ճիշտ 40 տարի անց, «Օլդ Թրաֆորդի» արևելյան տրիբունայի դիմաց բացվեց «Մեծ երրորդության»՝ Ջորջ Բեսթի, Դենիս Լոուի և Բոբի Չարլթոնի հուշարձանը։ Արձանը կառուցված էր բրոնզից, իսկ նրա կառուցողն էր հայտնի քանդակագործ Ֆիլիպ Ջեքսոնը։ Բացման հանդիսաթյանը հավաքված 300 մարդկանց մեջ էին նաև «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 1968 թվականի եզրափակչին մասնակցած 8 մարդ։ Այդ օրը ելույթ ունեցան սըր Բոբի Չարլթոնը, Դենիս Լոուն, սըր Ալեքս Ֆերգյուսոնը, Դավիդ Ալան Գիլը, Ուիլֆ Մաքգինեսը և Ֆիլիպ Ջեքսոնը։ Չարլթոնը ասաց, որ Բեսթի և Լոուի նման մեծ ֆուտբոլիստների շարքում դասվելն իր համար «մեծագույն հաճոյախոսությունն» է, իսկ Լոուն նշեց[41].

Միակ ողբերգությունն այն է, որ Բեսթը մեզ հետ չէ, սակայն ես համոզված եմ, որ նա տեսնում է մեզ վերևից և հպարտություն է զգում՝ տեսնելով այս հուշարձանը։

Բեսթը հայտնի մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեսթի ինքնակենսագրական գրքերը.

2000 թվականին նկարահանվեց «Best» կենսագրական ֆիլմը, որում ներկայացվում է Ջորջի անձնական կյանքը։ Ֆիլմում Ջորջ Բեսթի դերը կատարում է Ջոն Լինչը, իսկ Ռոջեր Դալթրին հանդես է գալիս Ռոդնի Մարշի դերում։ Բեսթի անունը բազմիցս հիշատակվել է տարբեր երաժշտական ստեղծագործություններում ու հեռուստատեսային հաղորդումներում։ 1984 թվականին Բեսթը Մերի Ստեյվինի հետ համատեղ ձայնագրեց «Shape Up And Dance» ֆիթնես-հոլովակը[113]։

2005 թվականին Men At Work խմբի գլխավոր վոկալիստ Քոլին Հեյը Հիզեր Միլլսի հետ համատեղ վերաթողարկեցին իրենց «My Brillian Feet» երգը, որը նվիրված էր Բեսթի հիշատակին։ Երգի վաճառքի ամբողջ հասույթը օգտագործվեց բարեգործական նպատակներով։ Բեսթը նաև հիշատակվում է Քոլին Հեյի «Are You Lookin' At Me?» երգում. «Ես սիրում եմ Միայնակ ռեյնջերին, և ես սիրում եմ Դենիս Սմոլին։ Նա և Ջորջ Բեսթը ցույց կտային քեզ, թե ինչպես պիտի խփել գնդակին»[114]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ

Անձնական ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Ոսկե Գնդակի» մրցանակակիր - 1968
  • Տարվա ֆուտբոլիստ ըստ ՖԼԱ-ի - 1968
  • Առաջին Դիվիզիոնի լավագույն ռմբարկու - 1968
  • Կիսապաշտպանների շարքում «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ռմբարկու - պաշտոնական խաղերում 179 գոլ
  • Մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ռմբարկու (4) - 1968, 1970, 1971, 1972
  • «Մանչեսթեր Յունայթեդի» ռեկորդակիր մեկ խաղում խփած գոլերի քանակով - 6 գոլ (Հարոլդ Հալսի հետ միասին)
  • Բելֆաստի Թագավորական համալսարանի պատվավոր դոկտոր - 2001
  • Կասլրեգի պատվավոր քաղաքացի - 2002
  • Ընդգրկվել է Անգլիական ֆուտբոլի փառքի սրահում - 2002
  • Մտնում է ՖԻՖԱ 100-ի կազմի մեջ - 2004
  • ՊՖԱ-ի հատուկ մրցանակ ֆուտբոլում ունեցած վաստակի համար - 2006 (հետմահու)

Խաղերի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

[115][116][117][118][119][120][121] [122]

[123]

  1. Ընդգրկված են նաև Հյուսիսամերիկյան ֆուտբոլային առաջնության փլեյ-օֆֆի խաղերը։
  2. Անգլիայի գավաթ, Անգլիայի ֆուտբոլային լիգայի գավաթ, Շոտլանդիայի գավաթ, Շոտլանդական լիգայի գավաթ, Հյուսիսային Իռլանդիայի գավաթ։
  3. ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա, ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի առաջնություն։
  4. Անգլիայի սուպերգավաթ, Անգլիո-շոտլանդական գավաթ, Ֆուտբոլի միջմայրցամաքային գավաթ։ Ինչպես նաև ընդգրկված են Ուոտնիի գավաթի խաղերը (մրցաշրջան 1970-71, 3 խաղ, 1 գոլ, մրցաշրջան 1971-72, 1 խաղ, 1 գոլ)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 "The birth of El Beatle". The Independent (London). Retrieved օգոստոսի 20, 2014
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Augustyn A. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 filmportal.de — 2005.
  5. 5,0 5,1 5,2 http://news.bbc.co.uk/1/hi/uk/4380332.stm
  6. 6,0 6,1 http://www.transfermarkt.co.uk/george-best/profil/spieler/174986
  7. 7,0 7,1 http://www.telegraph.co.uk/sport/main.jhtml?xml=/sport/2005/11/26/sfnquo26.xml&sSheet=/sport/2005/11/26/ixfooty.html
  8. 8,0 8,1 http://www.legacy.com/ns/george-best-obituary/15750787
  9. «Simon Barnes. The best, the bravest and the most beautiful footballer that has ever lived. The Times. 25.11.2005». Արխիվացված է օրիգինալից 2023-07-05-ին. Վերցված է 2015-09-13-ին.
  10. 10,0 10,1 10,2 Football legend George Best dies. BBC News, 25.11.2005.
  11. Mark Oliver. George Best dies, aged 59. Guardian.co.uk. 25.11.2005.
  12. «Profile of George Best». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  13. "A city mourns for the Belfast boy", BBC News Northern Ireland, դեկտեմբերի 3, 2005
  14. «John Roberts. George Best was reliable only when there was a football at his feet. The Independent, 26.11.2005». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 13-ին.
  15. Brian Glanville. A genius who invented Total Football. The Times, 25.11.2005(չաշխատող հղում)
  16. "Sterling showed his composure against City and it bodes well... three of the greatest players ever are some of the smallest". Daily Mail (London). Retrieved օգոստոսի 20, 2014
  17. "Reliving the Dream: The Triumph and Tears of Manchester United's 1968 European Cup Heroes". Random House,
  18. IFFHS' Century Elections. ՌՍՍՍՖ.
  19. IFFHS' Century Elections.
  20. 20,0 20,1 «Football legend George Best dies». BBC News. 2005 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 26-ին.
  21. Gordon Burn. The long goodbye. The Guardian, 25.11.2005.
  22. «GQ: The 50 Most Stylish Men». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 13-ին.
  23. տե՛ս Stretfordend.co.uk - George Best. Հետևյալ վիճակագրությունը չի ներառում Բեսթի խաղերը և գոլերը Ուոտնի գավաթի մրցությունում (4 խաղ, 2 գոլ)
  24. Andrews, David L (2004). Newcastle United: a thematic study. Abingdon, Oxfordshire: Routledge. էջ 135. ISBN 0-415-33333-4.
  25. George Best's Father, Dickie, Dies Aged 88, Sky News, ապրիլի 16, 2008
  26. «George Best collarette in exhibition-GrandOrangeLodge.co.uk». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  27. George Best’s father, Dickie, dies aged 88. Sky News, 16.04.2008.
  28. George Best drama: an intrusive film that failed to tell the whole story
  29. 29,0 29,1 29,2 29,3 29,4 29,5 «George Best's Life Story» (անգլերեն). George Best Official Website. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
  30. «Լեգենդներ. Մեծ ֆուտբոլիստներ. Ջորջ Բեսթ. GoalMania.ru - Կայք ֆուտբոլի մասին». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 13-ին.
  31. Anne Cadwallader, "Best too small and light for local club as teen" Արխիվացված 2007-02-13 Wayback Machine, Tiscali News, նոյեմբերի 25, 2005
  32. «Anne Cadwallader. Best too small and light for local club as teen. Tiscali News, 25.11.2005». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 13-ին.
  33. Stephen McGinty, "Best coming to the end of his life", The Scotsman, նոյեմբերի 25, 2005
  34. «George Best». Talk Football. Վերցված է 2008 թ․ մարտի 5-ին.
  35. George Best. Talk Football. 05.03.2008.
  36. «George Best Interview from 1972». Barnjournalen. 1972. Վերցված է 2008 թ․ փետրվարի 10-ին.
  37. 37,0 37,1 Best 2005, էջ. 1
  38. 38,0 38,1 38,2 Best 2005, էջ. 57
  39. Best 2005, էջ. 43
  40. «Manchester United 2 – 2 Liverpool». lfchistory.net. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 9-ին.
  41. 41,0 41,1 United Trinity Honoured. ManUtd.com, 29.05.2008.
  42. Jim White, "Too many knew only the tabloid Best" Արխիվացված 2007-10-12 Wayback Machine, Daily Telegraph (London), նոյեմբերի 28, 2005
  43. 43,0 43,1 Best 2005, էջ. 73
  44. Best 2005, էջ. 74
  45. Best 2005, էջ. 75
  46. Best 2005, էջ. 115
  47. Best 2005, էջ. 117
  48. Best 2005, էջ. 129
  49. Best 2005, էջ. 123
  50. Best 2005, էջ. 139
  51. Best 2005, էջ. 127
  52. Best 2005, էջ. 144
  53. Best 2005, էջ. 142
  54. Best 2005, էջ. 148
  55. 55,0 55,1 "Book looks back with no anger". Telegraph. Retrieved սեպտեմբերի 5, 2014
  56. Best 2005, էջ. 174
  57. Best 2005, էջ. 165
  58. Best 2005, էջ. 167
  59. "Book still winces at six of the Best". Telegraph. Retrieved սեպտեմբերի 5, 2014
  60. Best 2005, էջ. 252
  61. Best 2005, էջ. 275
  62. «Manchester United» vs «QPR» (0:3) Արխիվացված 2013-09-08 Wayback Machine Tuesday հունվարի 1, 1974
  63. Players match by match – George Best
  64. Best 2005, էջ. 302
  65. 65,0 65,1 Best 2005, էջ. 271
  66. «Best's run with Cork among many regrets». The Irish Times.
  67. Raath, Peter (նոյեմբեր, 2007). «Our Blood Is Also Red-ish». Sports Illustrated (South Africa). Touchline Media (119): 107.
  68. «George Best at Burrelton». pkc.gov.uk. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  69. 69,0 69,1 69,2 Wilson, Mike (2003 թ․ մարտի 9). «Caught in Time: George Best joins Hibs, 1979». The Sunday Times. London. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 26-ին.
  70. «Sean O'Conor. Best's American Years. Yanks Abroad». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 13-ին.
  71. Baker, Thomas (2005 թ․ նոյեմբերի 25). «Best's time at Hibs a heady cocktail of scandal and skill». The Scotsman. Edinburgh. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 26-ին.
  72. 72,0 72,1 Irishtimes.com
  73. Nathan Radford (2011 թ․ հոկտեմբերի 6). «Dee Why Football Club : History». Dee Why Football Club. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 12-ին.
  74. John Ashdown (2008 թ․ հուլիսի 30). «The professionals who played for pub teams». The Guaridan. London. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 12-ին.
  75. ""Maradona hails 'inspirational' Best". RTE Sport. Retrieved սեպտեմբերի 9, 2013
  76. 76,0 76,1 76,2 George Best: Goals, girls ... where did it all go wrong?, Daily Mirror.
  77. "Best calls for 'united' Ireland". The Daily Telegraph (London). Retrieved նոյեմբերի 1, 2013
  78. «Matches of the Day: How footballing marriages of yesterday compare to Coleen and Wayne's lavish nuptials». London Evening Standard. 2008 թ․ հունիսի 11. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.
  79. Heartbroken Samantha Janus's tears for estranged father Daily Mail (London)
  80. «Best may become an ambassador for Portsmouth». 2007 թ․ հունիսի 14. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.
  81. «Tide could be turning as Best makes waves at Portsmouth». The Teleghraph. 2007 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.
  82. The Rolling Stones – The Last Time Արխիվացված 2007-02-11 Wayback Machine (video clip)
  83. 83,0 83,1 83,2 83,3 83,4 83,5 83,6 George Best - The Man, The Legend. BBC Online, 30.04.2008.
  84. George Best and me Manchester Evening News, նոյեմբերի 25, 2010.
  85. Ramsbottom author tells George Best inside story in book Lancashire Telegraph, նոյեմբերի 2, 2010.
  86. Daniel Boffey. Best’s two secret kids. Daily Mirror, 28.11.2005.
  87. «"GQ: The 50 Most Stylish Men"». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 13-ին.
  88. «Best note prompts auction fever». BBC Online. 2006 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2007 թ․ հունիսի 9-ին.
  89. «Soccer's rebel without a cause. CBC Sports Online, 25.11.2005». Արխիվացված օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2005 թ․ դեկտեմբերի 3-ին.
  90. Best banned from driving for 20 months. 2NI.co.uk, 02.02.2004.
  91. Victoria O'Hara (2008 թ․ հունվարի 29). «Best memorial plan rescued by fan». The Belfast Telegraph. էջ 3.
  92. Stephen McGinty. «Parky was a 'nut'», says Meg Ryan. The Scotsman, 05.04.2006.
  93. «How do you blow millions of pounds? This lot could give a few pointers... - The men who lost everything - MSN Him UK». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 17-ին.
  94. Liver transplant for George Best. BBC Online, 30.07.2002.
  95. George Best. MyVillage, մարտ, 2007.(չաշխատող հղում)
  96. "Flawed Best had it all". The Age (Melbourne). Retrieved սեպտեմբերի 10, 2014
  97. "George Best very close to death", BBC News
  98. "Top 10 Eric Cantona Quotes - Seagulls, Water Carrier, Terminator And Many More". Goal.com. Retrieved փետրվարի 4, 2015
  99. "Minute's silence for Best". The Daily Telegraph (London). Retrieved սեպտեմբերի 10, 2014
  100. "Old Trafford stages Best tribute". BBC Sport. Retrieved սեպտեմբերի 10, 2014
  101. Manchester United pays tribute to Best. USA Today, 30.11.2005.
  102. Old Trafford stages Best tribute. BBC Sport, 01.12.2005.
  103. «Tony Gallucci. Huge crowds in farewell to Best. 03.12.2005». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 13-ին.
  104. «Belfast City Airport to be renamed in honour of George Best. Belfast City Airport website, 21.03.2006». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 13-ին.
  105. Deric Henderson. 'George Best Airport' splits city. The Scotsman, 22.03.2006.
  106. «Ex-Mayor in Belfast City Airport Best tribute call. Uk-airport-news.info, 27.11.2005». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 13-ին.
  107. Simon Jenkins. To become George Best airport is a humiliation worthy of North Korea. The Guardian, 14.07.2006.
  108. Flybe pays tribute to George Best! Flybe website, 15.03.2006.
  109. Bank note honour for George Best. BBC Online, 26.10.2006.
  110. Last of Bestie fivers sells out. BBC Online, 01.12.2006.
  111. Best note prompts auction fever. BBC Online, 01.12.2006.
  112. Victoria O’Hara. Best memorial plan rescued by fan. The Belfast Telegraph, 29.01.2008, стр. 3.
  113. Slater, Chris. "Hunt for actor to play United legend George Best in new film", Manchester Evening News, Manchester, 22 March 2015. Retrieved on սեպտեմբերի 14, 2015.
  114. "George Best: The Movie" Tifosy, Retrieved սեպտեմբերի 14, 2015.
  115. Man. United stats. Manchester United. Վերստացված է մարտի 19, 2013։
  116. Top international stars in the NASL, 1967-1984; George Best Արխիվացված 2018-08-16 Wayback Machine. ASHA. Վերստացված է մարտի 19, 2013։
  117. Best North American Soccer League stats. NASLJerseys.com. Վերստացված է մարտի 19, 2013։
  118. George Best league stats. Վերստացված է մարտի 19, 2013։
  119. Hibernian stats Արխիվացված 2018-07-22 Wayback Machine. Ihibs.co.uk. Վերստացված է մարտի 19, 2013։
  120. "Complete game list 1973-76". Վերստացված է մարտի 19, 2013։
  121. "Complete game list 1976-78". Վերստացված է մարտի 19, 2013։
  122. Տե՛ս Stretfordend.co.uk; Soccer.mistral.co.uk; Dspace.dial.pipex.com Արխիվացված 2012-04-14 Wayback Machine:
  123. "Northern Ireland – Record International Players". RSSSF. Վերստացված է մարտի 19, 2013։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ջորջ Բեսթ հոդվածին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Բեսթ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Բեսթ» հոդվածին։